ՀԱՄԱՍ-ը զիջում է, Իսրայելը՝ դադարեցնում Գազայի գրավումը
4 OCT 2025 06:48

ՀԱՄԱՍ-ը զիջում է, Իսրայելը՝ դադարեցնում Գազայի գրավումը
4 OCT 2025 06:48
Թրամփի սպառնալիքը՝ «աննախադեպ դժոխք» սանձազերծելու ՀԱՄԱՍ-ի դեմ, եթե վերջինս մինչև կիրակի երեկո չընդունի Գազայի վերաբերյալ գործարքը, կարծես թե տվել է իր արդյունքը։ Այս աննախադեպ ճնշման ներքո ՀԱՄԱՍ-ը համաձայնել է գնալ սկզբունքային և լայնածավալ զիջումների, ինչին ի պատասխան՝ հոկտեմբերի 4-ին Իսրայելի քաղաքական ղեկավարությունը հրամայել է բանակին անհապաղ դադարեցնել Գազա քաղաքի գրավման ռազմական գործողությունը՝ փաստացիորեն վերջ դնելով հակամարտության ամենաթեժ փուլին։
Ամեն ինչ սկսվեց Թրամփի հայտարարությունից, որը նա արեց իր «Truth Social» սոցիալական ցանցի միջոցով։ Նա ՀԱՄԱՍ-ին «վերջին հնարավորություն» տվեց՝ մինչև Վաշինգտոնի ժամանակով կիրակի երեկոյան ժամը 18:00-ն ընդունելու խաղաղության համաձայնագիրը։ «Բոլոր երկրները ստորագրել են։ Եթե այս ՎԵՐՋԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ համաձայնագիրը ձեռք չբերվի, ՀԱՄԱՍ-ի դեմ կսկսվի այնպիսի դժոխք, որը նախկինում ոչ ոք չի տեսել», - գրել էր նախագահը՝ ընդգծելով իր մտադրությունների լրջությունը։
ԱՄՆ-ի կողմից առաջարկված ծրագիրը, որն Իսրայելն արդեն ընդունել էր, իր մեջ ներառում էր մի քանի առանցքային կետեր՝ անհապաղ հրադադար, ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող բոլոր պատանդների փոխանակում Իսրայելում պահվող պաղեստինցի բանտարկյալների հետ, Գազայից իսրայելական զորքերի փուլային դուրսբերում, ՀԱՄԱ𝗦-ի ամբողջական զինաթափում և միջազգային մարմնի գլխավորությամբ անցումային կառավարության ստեղծում։
ՀԱՄԱՍ-ը համաձայնել է բավարարել ներկայացված հիմնական պահանջները։ Շարժումը հայտարարել է, որ պատրաստ է Գազայի հատվածի կառավարումը հանձնել հատուկ ձևավորվելիք պաղեստինյան կոմիտեին։ Սա, ըստ էության, նշանակում է ՀԱՄԱՍ-ի կողմից իշխանությունից հրաժարում՝ ճանապարհ բացելով տարածաշրջանում նոր քաղաքական իրողության ձևավորման համար։
Բացի այդ, ՀԱՄԱՍ-ը պարտավորվել է ազատ արձակել ողջ մնացած բոլոր իսրայելցի պատանդներին և իսրայելական կողմին հանձնել զոհվածների մարմինները։ Այս հումանիտար քայլը երկար ժամանակ եղել է բանակցությունների գլխավոր խոչընդոտներից մեկը։ Շարժումը նաև պատրաստակամություն է հայտնել անհապաղ սկսելու բանակցություններ՝ հակամարտության համապարփակ կարգավորման շուրջ։ Այս զիջումների փաթեթն, ըստ էության, ամբողջությամբ համապատասխանում է Թրամփի վարչակազմի կողմից առաջ քաշված պայմաններին։
ՀԱՄԱՍ-ի այս հայտարարությանը հետևեց Իսրայելի արագ արձագանքը։ Իսրայելի ռազմական ռադիոն հաղորդեց, որ երկրի քաղաքական ղեկավարությունը հրատապ հրահանգ է տվել Իսրայելի պաշտպանության բանակին՝ անմիջապես դադարեցնել Գազա քաղաքի գրավմանն ուղղված ռազմական գործողությունը։ Բացի այդ, զորքերին կարգադրվել է նվազագույնի հասցնել ցանկացած ռազմական ակտիվություն Գազայի հատվածի ողջ տարածքում։ Այս որոշումը, ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, փաստացի նշանակում է Գազայի գրավման գործողության ավարտ։
Արդյո՞ք սա նշանակում է հակամարտության թեժ փուլի ավար, արդյո՞ք կողմերն անկեղծորեն պատրաստ են բանակցությունների՝ խաղաղ կարգավորման հեռանկարով՝ այս պահին փորձագետների մեծ մասը դժվարանում է հստակեցնել։ Մեծամասնության դրական գնահատականի հիմքում հույսն է, որ գոնե այս փուլում պայմաններ կստեղծվեն Գազայում հումանիտար աղետի հետևանքները թուլացնելու համար։
Tags
Related Reads
Sign in or create a free ReOpen Media account to post commentsSign Up